Рубрика: 2021-2022 ուստարի, 2021-2022 ուստարվա նախագծեր

Զատիկ՝ Սբ. Հարության տոն

Մասնակիցներ` 1.3 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝ մարտի 28-ից, ապրիլի 17-ը

Ապրիլի 17` Սուրբ հարության տոն

Նպատակը՝ Ծանոթացում Զատկական ծեսին, ծեսի խորհուրդին, իրականացման ընթացքին:

Խնդիրներ՝

  • Բանավոր նխոսքի զարգացում:
  • Մեդիահմտությունների զարգացում:
  • Ծեսի իրականացման անհրաժեշտության ընկալում, գիտակցում:
  • Երևակայական մտածողության ձևավորում:

Զատկական ծեսի ընթացքը՝ 

Մայրենի՝ Խոսել Զատկական ծեսի մասին, ծեսի խորհուրդի մասին: Սովորում ենք Զատկական հանելուկներ, ասիկներ, խաղիկներ՝՝ 

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի  մեր տուն, իջի  մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

Հանելուկներ՝

  Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:

Շնչավորից անշունչ ելավ,
Անշունչից շնչավոր:

Կարաս ունեմ մի պուճուր,

Մեջը՝ երկու գույնի ջուր:

Պատմություններ՝

Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից:

Անցյալում Զատիկը հայտնի էր որպես «Ուրախության կիրակի»: Մարդիկ այնքան էին ուրախանում Հիսուսի Հարությամբ, որ տոնը նշում էին պարերով, սպորտային և ժողովրդական խաղերով և կատակներով: Այդ օրն աշխատանքը և առևտուրը դադարում էր, խանութները փակվում էին, դատարանները չէին գործում: Աղքատներին դրամ էին տալիս, ստրուկներն ազատ էին արձակվում: Զատիկն ուրախ և անմոռանալի տոն էր, որը փոխում էր մարդկանց կյանքը:

 Զատկական խաղեր՝

Զատկական ձվերի գլորում՝ Զատկական ձվերի փոխանակման ավանդույթը գալիս է դեռևս վաղ քրիստոնյաներից: Երեխաների շրջանում ամենատարածված զատկական ավանդույթներից մեկը տոնական ձվերի գլորումն ու որոնումն է: Երեխաները զատկական ձվերը թաքցնում են պարտեզում՝ ասելով, որ դրանք զատկական ճագարն է դրել: Ամենաշատ ձվեր գտնող երեխան շահում է մրցանակ:

Հավկիթախաղ՝ երեխաները կռվացնում՝ իրար են հարավածում զատկական ներկված ձվերը, ում ձուն ամուր է լինում և չի կոտրվում, նա էլ հաղթում է:

Մեդիահմտություններ՝ paint նկարչական ծրագրով պատրաստում ենք զատկական մեդիաբացիկներ՝ նկարում ենք զատկական ձվեր, Զատիկի ծեսը:

Տեխնոլոգիական հմտություններ՝ Պատրաստում ենք զատկական բացիկներ, աճեցնում ենք ցորենի ածիկ տարբեր տարաների մեջ, գունավորում ենք, նկարում, պատրաստում ենք զատկական կերպարներ՝ Ակլատիզ կամ Պաս պապԱկլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։
(մի սոխ, վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնոհայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Ուրիշները ոլորած ճիպոտի ծայրին գլուխ սոխ էին ամրացնում, սոխի վրա այծի մազից բեղ ու մորուք սարքում, սոխի մեջ յոթ գույնզգույն փետուր խրում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին -Ակլատիզ, չվանը վիզ, Եկավ մեզ հյուր՝ կախվավ երդիս։)

Մաթեմատիկա՝ Հորինում ենք զատկական խնդիրներ, նկարում paint  ծրագրով և մուտքագրում:

Զատկական երգերի, պարերի ուսուցում՝

Զատկական ծեսը իմ ընտանիքում՝, զատկական խոհանոց՝  Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին նախապատրաստվում են Զատկական տոնին՝ Տոնում են Զատիկ տոնը, ներկայացնում Զատկական-ծիսական սեղանը՝ պատմելով դրանց խորհուրդի մասին:(ներկայացնել տեսանյութի միջոցով) Մեծահասակներից տեղեկություններ են հավաքում տոնի մասին: (ուղարկել ձայնագրություն):

Оставьте комментарий